Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մավրն արեց իր գործը, մավրը դեռ չի հեռանա

Մավրն արեց իր գործը, մավրը դեռ չի հեռանա
20.04.2024 | 14:44

Կարտոնի կտորը ձեռքին պետք է կրկին գնար տավուշյան գյուղեր, այս անգամ սպառնալը փոխարիներ «կտեր բաժանելով»:
Ծաղրելով սեփական ժողովրդին, առանց կաշկանդվելու, ժպիտը դեմքին ցինիկաբար պետք է ասի՝ «մեր մտածածն ու նպատակն այն է, որ ոչ թե ասեք 50 մետր այն կողմ Ադրբեջան է, այլ վա՜յ, էս ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է:
Վաղը հետներն առևտուր կանենք:
Սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք»:
Պետք է հերթական անգամ մանիպուլացներ, ցուցադրեր փառահեղ դեմագոգիան, անզուգական պաթոսը, կրկին պետք է մտներ սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի դերի մեջ:
Հերթական միակողմանի զիջումը, նշաձողի իջեցումը պետք է ներկայացներ որպես ձեռքբերում, որպես միակ ելք ու փրկություն, քանզի փոխարենը կստանանք պատերազմ:
Որ եթե հողերը չտանք, տարածաշրջանային նոր պայթյուն է լինելու:
Իսկ տալուց հետո, «Հայաստանը 10 անգամ ուժեղանալու է»:
Այսպիսով՝ Ալիևն ասում է, Փաշինյանն անում է։
Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։
Տավուշյան գյուղերի բնակիչները պետք է առևտուր անեն ադրբեջանցիների հետ:
Այնպես, ինչպես դա արեցին Գորիս-Կապան ճանապարհը հաձնելուց, ադրբեջանական անցագրակետ դնելուց հետո:
Իհարկե՛, առևտուր կանեն…
Այնպես որ, իհարկե՜ մենք պետք է ուրախ լինենք, որ վերջապես ադրբեջանցիները դառնում են դրկից հարևան:
Ադրբեջանցին Արցախում հայկական հետքն է վերացնում, հողին է հավասարեցնում Շուշիի Կանաչ ժամը, ձևախեղում Ղազանչեցոցը, շուտով՝ Դադիվանքը, հողին է հավասարեցրել Քարին Տակ գյուղը, ոչնչացնում է պատմամշակութային կոթողները, գերեզմաններն ու հուշահամալիրները, իսկ երկրիս հումանիստ ու խաղաղատենչ վարչապետը խոսում է թշնամու հետ համակեցության ու առևտուր անելու մասին:
Իհարկե՛, նպատակդ պարզ է:
«Շուռնուխ 2», «Աղավնո 2» օպերացիանները Տավուշում իրականացված են:
Այսօր պետք է պաշտոնապես հայտարարվի, որ՝ «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման.
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, իսկ Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։
Այսինքն, Ադրբեջանը ստանում է տարածքներ, իսկ Հայաստանը՝ ոչինչ: Հայաստանն այդ հողերի հանձման ժամանակ մասամբ անվտանգ իրականացնելու է այդ գործառույթը:
Օրինակ, սահմանազատում իրականացնող հայկական կողմի ներկայացուցիչներին չեն սպանի, չեն ճնշի:
ՈՒ անգամ դա դեռ հաստատ չէ:
Խոսքը ռիսկերի նվազեցման, այլ ոչ թե երաշխիքի մասին է:
Այլ բացատրություն չունի նման աբսուրդ-անհեթեթությունը, ինչպիսին է՝ «Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:
Ինչևէ, պայմանավորվածությունների արդյունքում, մինչև մայիսի 15-ը տարածքները հանձնվելու են Ադրբեջանին:
Նորաստեղծ սահմաններին կանգնելու են սահմանապահ զորքեր:
Բնականաբար, Բաքուն ցնծում է, տոնում աննախադեպ ձեռքբերում, հաջողություն-հաղթանակը:
Փաստացի՝ Ալիևն առանց 1 կրակոցի «վերադարձրեց» 4 գյուղերը:
Ադրբեջանի հաղթանակների շղթան շարունակվում է:
Արցախի ամբողջական հայաթափմանն ու բռնազավթմանը, ինչպես նաև այնտեղից ռուս խաղաղապահների դուրսբերման ցանկին ավելանում է չորս «գյուղերի» նկատմամբ վերահսկողության վերականգնումը՝ առանց արյուն թափելու։
Հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են կյանքի կոչվում Ալիևի ծրագրած բոլոր նախաձեռնությունները:
Հանձման արդյունքում՝
* հայկական զինված ուժերը հետ են քաշվում իրենց վերահսկողության տակ գտնվող Բաղանիսից հարավ, Կիրանցից հարավ և Բերքաբերից արևելք գտնվող տարածքներից։
* Փոխարենը ադրբեջանական վերահսկողության տակ են շարունակում մնալ Բերքաբեր գյուղի շուրջ 1000 հա օկուպացված հողատարածքները:
* Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև մնում՝ Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ականներից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է:
* Տարածքների հանձման արդյունքում, գրեթե ամբողջությամբ խաթարվում է 3-րդ բանակային կորպուսի 1-ին պաշտպանական գիծը:
Տասնյակից ավելի հայկական դիրքեր, խրամատներ, խրամուղիներ, ռազմավարական նշանակության հսկայածավալ տարածքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ և հետայսու օգտագործվելու են մեր իսկ դեմ:
* Կազմաքանդվում է Տավուշի ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը: Թշնամին ավելի հարմար դիրքավորվում է հայկական բնակավայրերի մոտ:
* Թշնամու սահմանապահ զորքը Կիրանց-Բաղանիս հատվածում նստում է Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա:
* Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, հայկական կողմին որպեսզի Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտի ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին:
* Ստացվում է՝ միակ մխիթարանքը Ոսկեպարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մեր վերահսկողության տակ մնալն է: Իհարկե, տառացի 15 մետրից այն կողմ կանգնելու են ադրբեջանցիները:
Այս ամենից հետո՝ հաջորրդը «անկլավներն» են:
Դեռևս հունվարին Ալիևը շատ անկեղծ ասել էր քայլերի հաջորդականությունը.
սկզբում կպահանջեն ու կստանան ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը՝ այնտեղ տանող ճանապարհների հետ միասին:
Դե իսկ հաջորդիվ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է:
Այս պահին ՀՀ իշխանությունների համար իհարկե՜ դա «կարմիր գիծ» է:
ՈՒ դա այնքան ժամանակ, մինչև իրավիճակ կփոխվի, արդյունքում՝ «կարմիր գիծ» կդառնա Մեղրիի ու Ագարակի էթնիկ զտումը, որը բնականաբար իշխանությունները ո’չ մի կերպ թույլ չեն տա:
Եվ այսպես շարունակ:
Մեղավորնե՞ր՝ ինչքան ասես:
«5-րդ շարասյուն», «նախկիններ», Ռուսաստան, Հավաքական Արևմուտք, ես, դու, բայց ոչ նա:
ՈՒ այս տեսակը շարունակում է ղեկավարել երկիր:
Եվ կրկին հանդուրժում ենք:
Անգամ հիմա չկա միասնականություն, հանրային պահանջ, չկա հեռացնելու օրակարգով կոնսոլիդացիա:
Եվ ուրեմն՝ եկեք մնանք ապատիկ, «թմբիրակոմֆորտային» զոնայում:
Մանավանդ, որ չեք զբաղվում քաղաքականությամբ ու ձեր մոտ՝ «моя хата с краю» վիճակն է:
Բայց հետո ոչ մեկից չբողոքեք, չնեղենաք, չբարդեք մեղքը սրա-նրա վրա:
Անդառնալի հետևանքները, փորձանքներն ու արհավիրքներն էլ «պատվով» կտանեք:
Մեր փորձությունները դեռ նոր են սկսվում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ